Վրաստանի Ղարաջալա գյուղի երիտասարդներից մեկը 5 ընկերոջ հետ որոշել է սիրած աղջկան առաջարկություն անել: Գյուղի հրապարակում սրտի տեսքով նրանք կրակ են վառել: Սակայն «Ձեռք խնդրելու» արարողության ժամանակ նրանց են մոտեցել ոստիկանները և տեղեկացրել, որ երիտասարդները տուգանվել են, հայտնում է aliq.ge-ն:
Տղաները ենթադրում են, որ խախտում է համարվել 3-ից ավելի մարդու ներկայությունը մեկ վայրում, քանի որ պարետային ժամի կարգն իրենք չեն խախտել:
7 հոգու համար տուգանքի ընդհանուր գումարը կազմել է 21000 լարի՝ մոտ 7000 դոլար:
Վրաստանում կարանտինի կարգն առաջին անգամ խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3000 լարիով: Տուգանված երիտասարդների ծնողներն ասել են, որ հրաժարվում են վճարել, քանի որ նմանք գումար չունեն, ու որոշումը բողոքարկելու են դատարանում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է արտակարգ դրության ռեժիմի և պարետային ժամի խախտման 158, ինքնամեկուսացման ռեժիմի խախտման 2 նոր դեպք: