Ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանն այսօր կդառնար 23 տարեկան:
Կարենը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել Չարենցավանի զինկոմիսարիատից։ 2015 թվականի հուլիսի 11-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Արցախում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտի կոչում։ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մարտական դիրքի վրա թշնամու հարձակման ժամանակ՝ թեժ ու համառ մարտում, մարտնչեց մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների:
Քույրը՝ Լուսինե Ներսիսյանը, 1lurer.am-ի հետ զրույցում պատմեց, որ ապրիլի 2-ին և 8-ին նրա ծննդյան օրը սկսվում է Բջնի գյուղի հուշարձանի մոտից: Այսօր էլ ընտանիքի անդամները, ավանդույթի համաձայն, ծաղիկներ են խոնարհել հերոսի հիշատակին: Լուսինեի խոսքով՝ ամեն տարի հարազատները հուշարձան այցելելիս տեսնում են, որ ամբողջ գյուղն այնտեղ է, եկել են խնկարկելու հերոսի հիշատակը:
«Կարենը զոհվեց 19-ը չբոլորած: Նա միշտ շտապում էր, որ ամեն ինչ հասցնի: Ասում էինք՝ արի հաց կեր, ասում էր՝ 2 րոպեից, 5 րոպե հետո զանգում, ասում էր՝ Հրազդանում եմ, գնամ Աբովյան ու գամ: Նա շատ բան հասցրեց 18 տարեկանում. ուներ իսկական ընկերների մի մեծ բանակ: 18 տարեկանում նրան բջնեցի Կարեն էին ասում: Մեկ տարի սովորեց համալսարանում, որտեղ էլ ծանոթացավ Ադամ Սահակյանի հետ»,- պատմում է քույրը:
Ապրիլյան պատերազմի հերոսները միասին էին 2014 թվականից: Կարեն Ներսիսյանն ու Ադամ Սահակյանը 2015-ին միասին զորակոչվեցին: Պատահաբար հայտնվեցին նույն զորամասում, նույն դիրքերում, նույն խրամատում...
Քույրը պատմում է, որ Կարենի ծառայության առաջին 6 ամիսը պետք է անցներ ուսումնական զորամասում, ըստ 2015 թ. հուլիսի 11-ի վիճակահանության: Նա հրաժարվեց միանգամից ու ասաց, որ մեկնում է Արցախ, այնտեղից էլ՝ դիրքեր՝ Ջաբրաիլ: Ընկերոջ՝ Ադամի հետ էին պայքարում թշնամու դեմ: Նրանց մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն տվեց Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին: Երկուսն էլ զոհվեցին ապրիլի 1-2-ի լուսադեմին:
2016 թվականի ապրիլի 16-ին Կարեն Ներսիսյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։
2016 թվականի մայիսի 28-ին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով: