Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցնում է միջոցների հատկացումը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Հայտարարությունն արվել է, երբ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում հասել է 1800-ի:
Այս պայմաններում Թրամփը ստեղծել է նոր քաղաքական հակառակորդ՝ ԱՀԿ-ին, որի ղեկավարությանը ԱՄՆ նախագահը մեղադրում է համաճարակի բռնկման պահը բաց թողնելու համար: Ըստ The New York Times-ի՝ նա կազմակերպությանը մեղադրում է այն բանի համար, ինչի համար առաջին հերթին մեղավոր են ինքը և իր վարչակազմը:
Պարբերականի համոզմամբ՝ նրանք անկարող եղան ժամանակին միջոցներ ձեռնարկել համաճարակի դեմ պայքարի համար, ժխտեցին մահացու սպառնալիքը, չեն մտածում բնակչությանը դիմակներ մատակարարելու և կորոնավիրուսի թեստերը ժամանակին անցկացնելու մասին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը քննադատել էր Չինաստանի վրա կենտրոնանալու համար, մինչդեռ կազմակերպությունը, նրա խոսքով, ֆինանսավորումը հիմնականում ստանում է Միացյալ Նահանգներից:
Թրամփը Պենտագոնի գլխավոր տեսուչի պաշտոնից հեռացրեց Գլեն Ֆայնին, որին հանձնարարվել էր վերահսկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված 2 տրիլիոն դոլարի ծախսերը: Ամերիկյան ԶԼՄ-ները ենթադրում են, որ այդ դերը կփոխանցվի նախագահի փեսային՝ Ջարեդ Քուշներին: