Միացյալ Թագավորությունում կարանտինը, սոցիալական հեռավորությունը դեռևս կպահպանվեն շաբաթներ, չնայած կորոնավիրուսի վարակման տեմպերը նվազել են: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով պայմանավորված դրությանն անդրադարձել է երկրի առաջատար համաճարակաբաններից մեկը՝ գրում է CNN-ը:
Կառավարության՝ համավարակի հարցերի խորհրդատու, պրոֆեսոր Նեյլ Ֆերգյուսոնը հայտարարել է, որ առաջնահերթությունը վարակակիրների թվի նվազեցումն է:
Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ կառավարությունը դեռևս կպահպանի երկրում սահմանված սոցիալական հեռավորության կարգը: Կառավարության ղեկավարը կորոնավիրուսի համավարակը բնութագրել է որպես տասնամյակների ընթացքում երկիրը պատուհասած ամենամեծ սպառնալիքը, որի դեմ պայքարի համար կպահանջվեն ոչ թե շաբաթներ, այլ՝ ամիսներ: