Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ը 2005 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակվել է Ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր:
Յուրաքանչյուր 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ, ամեն տարի զոհվում է՝ 10000, վիրավորվում 20000 մարդ: ՀՀ-ում կա ականների վտանգ ներկայացնող չորս մարզ՝ Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի: Այս տարածքներում բնակվում է մոտ 35000 մարդ, և նրանց կյանքն ամեն րոպե վտանգված է: Այսօր Հայաստանում կան ականների պայթյունից տուժած ավելի քան 700 քաղաքացի:
2011-ին ՀՀ Կառավարության որոշմամբ հիմնադրվեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի լիազորված պետական մարմինը պաշտպանության նախարարությունն է: Այդ օրվանից Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը Հայաստանում իրականացնում է ականազերծում, ականների վտանգի մասին իրազեկում և ականից տուժածներին աջակցություն:
Այս ամբողջ ընթացքում Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ-Բեկ բնակավայրն ամբողջապես ականազերծվել է՝ 58.238 քմ տարածք, որից 16.180 քմ-ն՝ միայն 2019-ին, և վերջնականապես կիրարկման է հանձնվել: Իսկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում իրականացվել է 111.267 քմ տարածքի ականազերծում, որից 40.400 քմ-ն՝ 2019-ին: 2020-ին Կոռնիձորում աշխատանքները կվերսկսվեն:
2019 թ. փետրվարի 8-ից Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մարդասիրական առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ականազերծում է տարածքներ և բուժօգություն է ցուցաբերում բազմաթիվ տուժածների: Այս ընթացքում հայ սակրավորները ամբողջովին ականազերծել և Հալեպի նահանգային իշխանություններին կիրարկման են հանձնել 2 տարածք՝ 91 հազար քմ:
Այս պահին աշխատանքները շարունակվում են: Ընդհանուր առմամբ մինչ այսօր ականազերծվել է 147.697 քմ տարածք, հայտնաբերվել են մոտ 300-ից ավելի ական ու պայթուցիկ նյութ: Իսկ մեր վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժիշկների խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 11.891 հիվանդի: Միաժամանակ, Հալեպի բուժհաստատություններին պարբերաբար փոխանցվում են բժշկական պարագաներ և մեծ քանակությամբ դեղորայք: «Մենք ձեզ հետ ենք», «Մի բուռ ժպիտ» խորագրերով կազմակերպված մարդասիրական ակցիաների շնորհիվ հավաքված նվերները հանձնվել են Հալեպի հայ համանքի տեղի մանկատանը, Հայ ծերանոցին, ինչպես նաև՝ տեղի սիրիացի մանուկներին:
Ուշադրություն՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մշտապես հորդորում է չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող նշանները, քանի որ դրանք ունեն կենսական նշանակություն: