Անկասկած, նոր կորոնավիրուսից առաջ անցնելու և հաղթահարելու հնարավորությունը Միացյալ Նահանգները բաց է թողել: Սակայն դեռևս չի փակվել կարևոր որոշումներ կայացնելու պատուհանը: Մեր ղեկավարների ու մեր այսօրվա ընտրությունը կորոշի, թե որքան շուտ կսկսի նվազել վարակակիրների վիճակագրությունը, երբ կբացվեն ձեռնարկությունները, և դեռ քանի ամերիկացիներ ստիպված կլինեն հուղարկավորել իրենց հարազատներին:
Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսն ուսումնասիրում է կորոնավիրուսի դեմ պայքարում առաջացած խնդիրներն ու առաջարկում դրանց լուծման տարբերակները: Թեմային անդրադարձել է Washington Post պարբերականը: Նախևառաջ, Բիլ Գեյթսին անհանգստացնում է այն, որ կառավարությունը բաց է թողել մարդկանց մեկուսացնելուն տրամադրվելիք ժամանակը: Եվ իհարկե, առաջին օգնության միջոցների բացակայությունը:
Բիլ Գեյթսը եկել է այն եզրահանգման, որ այս պարագայում անհրաժեշտ է ձեռնարկել պայքարի երեք միջոց:
Առաջինը՝ անհրաժեշտ է մարդկանց մեկուսացման հետևողական համընդհանուր մոտեցում: Չնայած փորձագետների բոլոր կոչերին՝ որոշ նահանգներ ու շրջաններ այդպես էլ չեն ինքնամեկուսացել և կարանտին չեն հայտարարել: Որոշ նահանգներում բաց են ծովափերը, մյուսներում՝ ռեստորաններն են աշխատում: Սա իհարկե ձախողում է, նշանակում է՝ աղետ է սպասվում:
Երկրորդ՝ դաշնային կառավարությունը պետք է լուծի զանգվածային թեստավորման հարցը: Թեստերը պետք է հասանելի լինեն: Բացի այդ, պետք է միավորել ջանքերը, որպեսզի օպերատիվ կերպով ընտրեն կամավորների կլինիկական փորձարկումների համար: Երկրին անհրաժեշտ են հստակ առաջնահերթություններ, ում թեստավորել առաջին հերթին:
Եվ երրորդ՝ անհրաժեշտ է գիտական, տվյալներով հաստատված մոտեցում բուժման ու պատվաստանյութերի մեթոդների մշակմանը: Գիտնականները բոլոր ջանքերը գործադրում են այս ուղղություններով: Ղեկավարներն էլ կարող են օգնել նրանց, եթե ասեկոսեներ չտարածեն ու մարդկանց չդրդեն խուճապային առևտրի:
Բիլ Գեյթսը, սակայն, հավատում է, որ եթե այժմ ճիշտ որոշում կայացվի՝ հիմնվելով գիտության, հստակ տվյալների ու բուժաշխատողների փորձառության վրա, ապա հնարավոր կլինի կյանքեր փրկել ու պետությանը վերադարձնել աշխատանքի: