«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի եզրափակիչ ելույթում անդրադառնալով պատգամավորների թվարկած խնդիրներին՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այն համակարգը, որն առաջարկվում է ստեղծել, նոր է, բայց պարունակած տեղեկատվությունը նոր չէ: Այսինքն՝ մտահոգվելը, որ տեղեկատվության արտահոսք կարող է լինել, իզուր է, քանի որ բոլոր օպերատորների մոտ այդ տեղեկատվությունը կա, պահպանվում է և չի ոչնչացվում երբեք:
Նախարարը նշեց, որ կոչնչացվեն բոլոր անձնավորված տվյալները:
«Եթե հնարավոր է լինելու ինչ-ինչ միջոցներով ապաանձնավորված տվյալներից, որի նպատակը վիճակագրական տեղեկությունը հավաքելն էր և օգտագործելը հետագա հնարավոր համաճարակների դեպքում, գալ անձնավորված տվյալների, ապա մենք, ամեն դեպքում, դրանք կոչնչացնենք, այդ կետն էլ կհանենք առաջինից երկրորդ ընթերցում»,- նշեց Բադասյանը:
Արդարադատության նախարարը նշեց, այս իրավիճակում կշեռքի մի նժարին դրված են մարդու կյանքն ու առողջությունը, մյուսին՝ ազատությունները:
«Այո, այս սահմանափակումները լրջագույն սահմանափակումներ են ենթադրում անձանց իրավունքների և ազատությունների, բայց առանց սրա հնարավոր չէ հասնել այն իրավաչափ նպատակին, որին մենք ուզում ենք հասնել»,- նշեց նախարար Ռուստամ Բադասյանը: