Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ 2020 թվականն անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար: Այդ մասին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ լավատեսական են, բայց ակնհայտ է, որ կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորեցինք 2019 թվականին, բայց սա ողբերգություն չէ, այլ նոր հնարավորություն՝ տնտեսական հեղափոխության մեր օրակարգը կյանքի կոչելու համար»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը խնդիր է դրել զբաղեցնել ազատվող շուկայի 1 տոկոսը: «Ամբողջ աշխարհը հիացած է հայ գործարարներով, որոնց շնորհիվ Հայաստանը ապրանքների դեֆիցիտ չունի և չի ունենա»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ կառավարությունն աջակցելու է բիզնեսին՝ տրամադրելով ընդհանուր 150 մլրդ դրամ, և այդ որոշումը կընդունվի կառավարության առաջիկա նիստում: Կառավարությունն, ըստ նրա, կընդունի նաև գյուղատնտեսության խթանման ընդլայնված ծրագիրը: