Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ առաջիկայում Իրանից պատվիրակություն կայցելի Կիև՝ քննարկելու Թեհրանում ուկրաինական Boeing մակնիշի մարդատար ինքնաթիռի կործանման հետաքննության ընթացքը:
Այս մասին Պրիստայկոն ասել է Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որն ուղիղ հեռարձակվել է Ուկրաինայի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում:
«Մի քանի օրից մենք կկարողանանք ավելի մանրամասն պատմել, թե ինչպես է իրականացվում հետաքննությունը, մասնավորապես, սև արկղերի հետ աշխատանքը և փոխհատուցման խնդիրը»,- ասել է Պրիստայկոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը իրանցի գործընկեր Ալի Շամխանիի հետ հանդիպում էր անցկացրել Թեհրանում, որի ընթացքում քննարկվել են Իրանում տեղի ունեցած վթարի հետաքննության հարցերը:
Հիշեցնենք նաև, որ ուկրաինական ինքնաթիռն իրանական օդուժի կողմից Թեհրանի երկնքում սխալմամբ գնդակոծվել և վթարվել էր հունվարի 8-ին, որին զոհ էր գնացել 176 մարդ: