Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ներհամայնքային ճանապարհները կասֆալտապատվեն պետական միջոցների հաշվին: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ ասֆալտապատվող ճանապարհների երկարությունը կազմում է շուրջ 3,3 կիլոմետր, ընդհանուր մակերեսը՝ 22 հազար քառակուսի մետր: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 451 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվելու է պետբյուջեի միջոցներից:
«Փետրվարի 28-ին արդեն հայտարարվել է շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ, որը կանցկացվի այս տարվա ապրիլին: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո կձեռնարկվեն շինարարական աշխատանքները: Կհիմնանորոգվեն նաև Վանեվան պատմաճարտարապետական համալիր և Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհները: Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները հիմնանորոգման չեն ենթարկվել վերջին երեք տասնամյակներում և գտնվում են քարուքանդ վիճակում: Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը, որի ավարտը նախատեսված է 2020 թվականի ընթացքում, անգնահատելի նվեր կլինի Արծվանիստի բնակչության համար»,-ներկայացրել է Արմեն Զոհրաբյանը: