Եվրամիության Տնտեսական և ֆինանսական հարցերով խորհուրդը որոշել է հանել Հայաստանը հարկային հարցերով Եվրոպական միության հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների (The EU list of non-cooperative jurisdictions for tax purposes) «մոխրագույն ցուցակից»: Որոշումը կայացվել է փետրվարի 18-ին ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ:
Ֆինանսների նախարարությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ «մոխրագույն ցուցակում» հայտնվելը երկրի հեղինակության հետ կապված ռիսկեր էր առաջացնում, Հայաստանը համարվում էր հարկային առումներով Եվրոպական միության հետ չհամագործակցող երկիր: Այդ երկրների ցանկից հանելը հեղինակության առումով լավ ազդակ է լինելու, որովհետև ԵՄ գործընկերները Հայաստանը դիտարկելու են հարկային առումներով համագործակցող երկիր»,- հայտնում է ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականին Հայաստանը «մոխրագույն ցուցակում» չհայտնվելու և դրանից բխող մի շարք ռիսկերից խուսափելու նպատակով ստանձնել էր երեք պարտավորություն:
Օրի Ալավերդյանի փոխանցմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարության ջանքերով Հայաստանը կատարել է ստանձնած բոլոր պարտավորությունները:
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը վերանայել է ՀՀ հարկային օրենսգիրքը՝ սահմանափակելով արտահանման ծրագրեր իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար շահութահարկով հարկման առումով սահմանված արտոնյալ կարգավորումները, ինչպես նաև 2019 թ. փետրվարին պաշտոնապես անդամակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) BEPS ծրագրի ներառական հարթակին և դրանով իսկ ստանձնել է ՀՀ հարկային օրենսդրության մեջ նշված ծրագրի 4 նվազագույն ստանդարտները տեղայնացնելու պարտավորություն:
«Սա ընթացքի մեջ է, ՏՀԶԿ քարտուղարության մասնագետների հետ այս պահին աշխատում ենք: Դա երկար գործընթաց է, բայց բոլոր դեպքերում ստանդարտները կտեղայնացվեն»,- ասել է Օրի Ալավերդյանը:
Բացի այդ, նրա խոսքով, 2018 թ. հունվարի 24-ին ստորագրվել ու 2019 թ. դեկտեմբերի 13-ին վավերացվել է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ՏՀԶԿ և Եվրոպայի Խորհրդի համատեղ կոնվենցիան: