Վանդալներն Անկարայի Օրթաքյոյ գերեզմանատանը պղծել են քրիստոնյաների 20 գերեզման՝ ներառյալ Ռուսաստանից գաղթածների: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Հրապարակման համաձայն՝ վեց դեռահասներ տեղաշարժել են գերեզմանաքարերը և ջարդել դրանք: Ընդ որում, ամենաշատը տուժել են ռուսական ազգանուններով քարերը:
Նույն աղբյուրն ընդգծել է, որ դեռահասները ձերբակալվել են գերեզմանատան պահակախմբի կողմից, բայց ոստիկանությունում հարցաքննությունից հետո նրանց ազատ են արձակել: Հաղորդվում է, որ այժմ նրանք պետք է փոխհատուցեն հանգուցյալի հարազատներին՝ պատճառված վնասի համար:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը Sputnik Turkey- ին տված հարցազրույցում ասել է, որ սիրիական Իդլիբում իրավիճակի սրացումն այնպիսի հակառուսական հիստերիա է առաջացրել այդ երկրում, որ նույնիսկ իրեն են տարատեսակ սպառնալիքներ ուղղել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե իշխանությունները ձեռնարկում են բոլոր միջոցները՝ հնչած սպառնալիքներից հետո ռուս դիվանագետներին պաշտպանելու համար: