Այս տարի Տեառնընդառաջը փետրվարի 14-ին է, իսկ ծիսական արարողակարգը սկսվում է այսօր՝ փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգության ավարտին:
www.1lurer.am-ի հետ զրույցում Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ Տեառնընդառաջը անշարժ տոն է և միշտ նշվում է փետրվարի 14-ին: Քահանան բացատրեց, որ «փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։ Այսինքն՝ Տեառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։ Փետրվարի 13-ին կատարվում է նախատոնակ, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ։
Օրվա խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն է: «Սա հավատքի մի բանաձև է, որն ամեն օր ուղեկից է մեզ բոլորիս: Իսկ Աստծուն ընդառաջ գնալու ճանապարհը առաքինությունների, զղջման և խոստովանության, եկեղեցու ճանապարհն է: Քրիստոնյան եկեղեցին կարևորում է ո՛չ նրանով, թե ինչ է բերում, այլ թե՝ ի՞նչ է տանում եկեղեցուց: Աստված մեզ փնտրում է միայն տալու համար իր օրհնությունը, իր շնորհները, որպեսզի սովորենք Իրենից, ինչպես որ Քրիստոս հայտարարեց. «Սովորե՛ք ինձանից, քանի որ հեզ եմ և խոնարհ սրտով»,- նշեց քահանան:
Արարատյան հայրապետական թեմի կայքը հրապարակել է Տյառնընդառաջի տոնի ժամանակացույցը, ըստ որի՝ փետրվարի 14-ին՝ ժամը 10:30-ին, Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում, իսկ Ս. Պատարագի ավարտին կկատարվի նորապսակների օրհնության կարգ: Փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո (ժամը 17:00), նախատեսվում են միջոցառումներ ԱՀԹ հետևյալ եկեղեցիներում.
-
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում 17:30-ին կվառվի խարույկ, այնուհետև միջոցառում՝ «Մենք» ազգագրական երգի և պարի համույթի մասնակցությամբ:
-
Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում 16:00-ին կվառվի խարույկ, կլինի միջոցառում կիրակնօրյա դպրոցի երեխաների մասնակցությամբ, այնուհետև 17:00-ին՝ ժամերգություն:
-
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, այնուհետև նորապսակների օրհնության կարգ, տոնական միջոցառում եկեղեցու բակում:
-
Սուրբ Երրորդություն եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, նորապսակների օրհնութայն կարգ, տոնական միջոցառում՝ երեխաների մասնակցությամբ:
-
Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, 17:30-ին կվառվի խարույկ, մշակույթի տան սաների մասնակցությամբ կկազմակերպվի միջոցառում:
-
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, այնուհետև կվառվի խարույկ և կկազմակերպվի միջոցառում՝ երիտասարդների մասնակցությամբ:
-
Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, նախատոնակ, 18:00-ին եկեղեցու բակում կվառվի խարույկ:
-
Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, այնուհետև կլինի երիտասարդների օրհնութան կարգ, կվառվի խարույկ, կկազմակերպվի տոնական միջոցառում:
-
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, 17:30-ին եկեղեցու բակում կվառվի խարույկ, տեղի կունենա միջոցառում:
-
Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, 17:30-ին եկեղեցու բակում կվառվի խարույկ:
-
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, 18:00-ին եկեղեցու բակում կվառվի խարույկ, տեղի կունենա միջոցառում:
-
Նոր Նորքի 1-ին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, 17:30-ին եկեղեցու բակում կվառվի խարույկ:
-
Արաբկիրի եկեղեցում 17:00-ի ժամերգությունից հետո 17:30-ին տեղի կունենա միջոցառում, եկեղեցու բակում կվառվի խարույկ:
-
Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, 17:30-ին եկեղեցու բակում կվառվի խարույկ, տեղի կունենա միջոցառում՝ ազգային երգ ու պարով:
-
Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, այնուհետև կվառվի խարույկ:
-
Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, 17:30ին եկեղեցու բակում կվառվի խարույկ: