Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ինքն ավելի վաղ գրել էր, որ այս տարի բյուջեի եկամուտները կգերակատարվեն առնվազն 89 մլրդ դրամով, սակայն կարելի է ձգտել մինչև 100 մլրդ դրամի գերակատարման:
«Բայց մենք որոշում ենք կայացրել 56 մլրդ դրամի՝ նախկինում կուտակված ավելացված արժեքի հարկի պարտքերը վերադարձնել: Դրանք հուսահատ պարտքեր են, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Այսինքն՝ բյուջեի կատարման զուտ փաստաթղթային առումով արտահայտվելու է հավաքագրված թվից հանած այն թիվը, որ վերադարձրել ենք տնտեսվարողներին: Սա նշանակում է, որ մենք այդ գումարը հավաքել ենք և փոխանցել ենք: Փաստացին այն է, որ 90 մլրդ դրամից ավելի լրացուցիչ հարկային հավաքագրումներ կունենանք»:
ՊԵԿ նախագահը հստակեցրել է, որ այդ 89 մլրդ դրամն արդեն հասել է 101 մլրդ դրամի: Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ այս տարի ավտոմեքենաների աննախադեպ ներհոսքի արդյունքում հարկային եկամուտների աճը 55 մլրդ դրամի շրջանակում է: