ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել Պաղեստինյան փախստականների օգնության գործակալության՝ UNRWA-ի մանդատի եռամյա երկարաձգմանը:
Իսրայելը և ԱՄՆ-ը դեմ են արտահայտվել այս որոշմանը, 9 երկիր ձեռնպահ է քվեարկել, բայց մնացած 169-ը կողմ է եղել UNRWA-ի հետագա գործունեությանը:
Պաղեստինյան լրատվամիջոցները հրապարակում են արաբական երկրների ներկայացուցիչների արձագանքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմանը: Արաբական պետությունների լիգայի Գլխավոր քարտուղարի տեղակալ Սաիդ Աբու Ալին, օրինակ, հայտարարել է, որ մանդատը երկարաձգելու որոշումն արտացոլում է «ՄԱԿ-ի և պետությունների մեծամասնության աջակցությունը Պաղեստինին ու նրա ժողովրդին»:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության գործակալությունում ֆինանսական աուդիտ անցկացվեց ԱՄՆ-ի պահանջով, որից հետո՝ 2019-ի նոյեմբերի 6-ին, հրաժարական տվեց Գործակալության նախկին ղեկավար Պիեռ Կրաչենբուլը: Չնայած, որ՝ հետաքննության ընթացքում չէ՛ր հաստատվել նրա անձնական ներգրավվածությունն, իբր, հայտնաբերված խարդախության կամ փողերի յուրացման մեջ:
Հիշեցնենք նաև, որ UNRWA-ն հիմնադրվել է 1949-ին և տարիներ շարունակ օգնություն է տրամադրել պաղեստինցի փախստականներին Լիբանանում, Սիրիայում, Հորդանանի արևմտյան ափին և Գազայի հատվածում: Գործակալությունը նաև ամեն ամիս աշխատավարձ է տրամադրում բժիշկներին և բուժաշխատողներին:
UNRWA-ն գործում է ՄԱԿ-ի մանդատով, որ թարմացվում է 3 տարին մեկ, բայց հիմնականում՝ պետությունների կամավոր ներդրումների միջոցով: Այդ պատճառով էլ ներկայում զգալի ֆինանսական դժվարություններ ունի այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը 2018-ի սեպտեմբերին հրաժարվեց գործակալությանը գումար տրամադրել: