ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, «Լազարևյան ակումբի» նախագահ Կոնստանտին Զատուլինը լրագրողներին հայտնել է ակումբի հրատարակչական գործունեության մեկնարկի մասին: «Լազարևյան ակումբի գրադարանը» նախաձեռնել և արդեն հրատարակել է առաջին երկու գրքերը»,- տեղեկացրել է Զատուլինը:
Առաջին գիրքը թուրք գիտնական Թաներ Աքչամի «Պատրաստ է սպանել» աշխատությունն է՝ Հայոց ցեղասպանության մասին: Գիրքն առաջին անգամ թարգմանվել է ռուսերեն: Երկրորդը «Լազարևյան ակումբի» առաջին երկու հանդիպումների նյութերն են, որոնք անցկացվել են Երևանում և Մոսկվայում: Երրորդը, ըստ Զատուլինի, 25 տարիների ընթացքում իր բոլոր ելույթների ժողովածուն է՝ ռուս-հայկական հարաբերությունների հիմնախնդիրների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Գրքի վերնագիրը «սադրիչ» է՝ «Հայաստանը՝ ռուսական Իսրայել Կովկասում»,- տեղեկացրել է պատգամավորը: «Արտահայտությունը իմը չէ: Ես այն առաջին անգամ լսել եմ իմ ընկեր, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանից: Այն ինձ այնքան է տպավորել, որ որոշեցի գիրքը հենց այդպես անվանել»,- ասել է Զատուլինը և հավելել, որ իր հեղինակած գիրքը լույս կտեսնի մինչև տարեվերջ: