Դեկտեմբերի 13-ի թույլ ցիկլոնին կհաջորդի արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը, որի հետևանքով Տավուշում և Սյունիքում օդի ջերմաստիճանը կհասնի +18...+20 աստիճանի: Գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը իր «Ֆեյսբուքի» էջում:
«Դեկտեմբերի 13-ին ընդամենը 1 օրով մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Կենտրոնական և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով»,- ասվում է գրառման մեջ։
Դեկտեմբերի 14-17-ը Աֆրիկայի հյուսիսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ը աստիճանաբար օր օրի կբարձրանա այս օրերի համեմատ 5-7 աստիճանով։
«Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մարզերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»,- գրառումն ավարտում է գլխավոր օդերևութաբանը: