Թուրքիան ու Ռուսաստանն ավելի մեծ սպառնալիք են Սիրիայում Միացյալ Նահանգների զորամիավորումների համար, քան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Նման վերնագրով հոդված է հրապարակել The New York Times-ը: Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Սիրիայում ռազմավարության անդադար փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Վաշինգտոնը ցանկանում է արաբական երկրում ամերիկյան զորախմբերին պաշտպանել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի կառավարական զորախմբերի ակնկալվող ռազմական ակտիվացումից:
Այսօր, ամերիկացի հրամանատարների պնդմամբ, այդ զինված խմբերն ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում, քան իսլամիստ ահաբեկիչների խմբավորումները: Ամերիկյան հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում Եփրատի երկայնքով այլ զինված խմբերին չմոտենալու և, հատկապես, նրանց հետ չբախվելու համար:
Նման մտավախությունը Թրամփի վարչակազմին ստիպել է Սիրիայի հյուսիսից դուրս բերել ամերիկյան զորախմբերն այն ժամանակ, երբ Թուրքիան հայտարարեց արաբական երկրում ռազմական գործողություն սկսելու մասին: Պենտագոնի հաստատած նախագծի համաձայն՝ Սիրիայում տեղակայված են ընդամենը 500 ամերիկացի զինվորականներ: Ըստ ամերիկյան պարբերականի՝ թեպետ ամերիկյան կողմը պնդում է, որ Սիրիայում է գտնվում նավթահորերը պաշտպանելու համար, այնուամենայնիվ՝ Միացյալ Նահանգների զորախմբերն այնտեղ իրականացնում են նախկին առաքելությունը՝ հայտնաբերում և ոչնչացնում են «Իսլամական պետության» մնացած անդամներին:
Միացյալ Նահանգների իշխանությունները մտավախություն ունեն, որ Սիրիայի կառավարական ուժերը կգրավեն այն տարածքները, որտեղ տեղակայված են ամերիկյան զորախմբերը: Նման նախադեպ եղել էր 2018-ի փետրվարին, երբ սիրիական զորախմբերը ռուս վարձկանների հետ զինված հարձակում էին իրականացրել Դեր Զոր շրջանում գտնվող գազի վերամշակման գործարանի վրա: Ամերիկյան կողմը հակահարված էր տվել, որի հետևանքով մահացել էին հարյուրավոր մարդիկ: Սա հստակ ազդակ է, որ ամերիկյան կողմը պաշտպանելու է Սիրիայում իր դաշնակիցներին: