Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը ներկայացնող լրագրող Նեջդեթ Սարաչը «Halk TV» հեռուստաընկերության եթերում խոսել է Հայոց ցեղասպանության և Թուրքիայում բնակվող հայերի վիճակի մասին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Սարաչը նշել է, որ իր մանկությունն անցել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Քուրթուլուշ թաղամասում, ինչի շնորհիվ նա հայերի խնդիրներին քաջածանոթ է։
«Հայերն իսկապես շատ դժվար կացության մեջ են։ Թուրքիայում շատ դժվար է փոքրամասնություն լինելը, հատկապես այն դեպքում, երբ իրականում մեծաթիվ ու ազդեցիկ համայնք ունես։ Մենք մեր ականջներով ենք լսել «Ներողություն արտահայտությանս համար՝ հայ» ձևակերպումը և դա երբևէ չենք մոռանալու»:
Հիշեցնենք, որ վերոնշյալ արտահայտության հեղինակը Էրդողանն է եղել իր վարչապետության օրոք: Նա հեռուստաեթերից ասել էր, որ ընդդիմությունը զրպարտում է իրեն. «Նրանք ինձ վրացի են անվանում: Ներողություն արտահայտությանս համար, բայց իմ հասցեին ավելի վատ խոսք էլ են ասել. նրանք ինձ «հայ» են անվանել»:
Ընդդիմադիր լրագրող նաև հավելել է, որ երբեմն մոռանալը ցանկալի էլ չէ, քանի որ որոշ բաներ իսկապես հիշել է պետք։ Սարաչը հորդորել է մի քիչ ընդլայնել մտահորիզոնը։
«Մեզ մոտ միշտ խուսափում են այս թեմայից, ասում են․ «Աման, էդ հարցերին մի խառնվեք»։ Բայց քանի դեռ չես հիշեցնում, երեսով չես տալիս, այս հարցերը չեն բարձրանում գիտակցության մակարդակ»: