ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը ողջունել է Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի քվեարկությունը, որի արդյունքում ընդունվել է հակաթուրքական օրինագիծ: Փաստաթղթին կողմ է քվեարկել 18 հոգի, դեմ են հանդես եկել՝ 4-ը:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ տպավորիչ է տեսնել տարբեր կուսակցություններից սենատորների միահամուռ դիրքորոշումը՝ հանուն արդարության:
Օրինագծի համահեղինակներից սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ անցած մեկ տարվա ընթացքում Թուրքիայի գործողությունները «չափից ավելի են և անընդունելի»: Խոսքը, մասնավորապես, Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու և ռուսական C-400 համակարգեր գնելու մասին է:
Սենատորները նշել են, որ Թուրքիայի դեմ թիրախային պատժամիջոցները համարժեք պատասխան են այդ երկրի գործողություններին: Օրինագծի համաձայն՝ սահմանափակվում են ամերիկյան արտադրության զենքի վաճառքը և միջազգային ֆինանսական կառույցներից վարկերի տրամադրումը Թուրքիային: