Շվեդական ETC պարբերականն անդրադարձել է Ռուսաստանին ու երկրի ընդերքից արդյունահանվող այն էներգակիրներին, որոնցից, չնայած անդադար հրաժարվելու եվրոպացիների ցանկությանը, Եվրոպան խիստ կախված է: Հոդվածագրի հարցադրումն այս է. «Ինչո՞ւ է Եվրամիությունն աջակցում կլիմայի համար խիստ վնասակար Ռուսաստանի տնտեսությանը՝ ավելի մեծ ներդրումներ կատարելով ռուսական գազի մեջ»:
Թեպետ օրեցօր ավելանում են կլիմայի փոփոխությունների դեմ պայքարող ակտիվիստները, և նրանց բողոքին ականջալուր են լինում շատերը, այնուամենայնիվ որևէ հստակ քայլեր չեն արվում:
Մի կողմից, եվրոպացի ղեկավարները Ռուսաստանի մասին խոսում են որպես սպառնալիքի, որպես ոչ ժողովրդավար պետության: Նրանք հորդորում են հրաժարվել ածխից, նավթից ու գազից՝ հօգուտ քամու և արևային էներգիայի: Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը օդի աղտոտման ծավալով երրորդն է աշխարհում: ETC պարբերականի հավաստմամբ՝ Ռուսաստանն ապրում է հումքի հաշվին: Ի տարբերություն Չինաստանի, որը բավականին բարձրացել է առևտրային ոլորտում և այժմ առաջատար է այնպիսի բնագավառներում, ինչպիսին, օրինակ՝ թվային տեխնոլոգիան է, Ռուսաստանը ընդհանուր առմամբ դոփում է տեղում: Այն ամբողջովին կախված է նավթից ու գազից:
Պարբերականը նշում է, որ ապագայում, երբ հեղուկ էներգակիրները սպառվեն, Ռուսաստանը կդառնա ածխի ամենախոշոր մատակարարն աշխարհում:
Արևային, քամու և ջրի էներգիայի համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ ու ենթակառուցվածքների կառուցում, իսկ գազի օգտագործման պարագայում նոր համակարգ ստեղծել պետք չէ: Հետևաբար, եվրոպական երկրները շարունակում են օգտվել այս հեղուկ էներգակրից:
Ըստ պարբերականի՝ Պուտինին ու մյուս քաղաքական գործիչներին մնում է ժպտալ: