Թուրքիայի նախագահականի տեղեկատվական վարչությունը ևս մեկ քայլ է արել դեպի Հայոց ցեղասպանության ժխտում՝ ստեղծելով «1915.gov.tr» անվանումով կայք, որի աշխատանքային լեզուն անգլերենն է: Կայքի նպատակ է հռչակված պայքարել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ»,- գրում է Ermenihaber-ը:
Թուրքիայի նախագահականի տեղեկատվության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, մեկնաբանելով նոր կայքի հիմնումը, ասել է. «Այս կայքը, հենվելով պատմական փաստերի վրա, միջազգային ասպարեզում պատասխանելու է ամեն առիթով մեր դիմաց դրվող Հայոց ցեղասպանության մասին զրպարտությանը»:
Կայքում կան հետևյալ բաժինները՝ «1915-ի իրադարձություններ», «Պաշտոնական հրամանագրեր», «Դատարանի վճիռներ», «Հայկական ահաբեկչություն», «Հարցուպատասխան»:
Կայքում քարոզվում են Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ թուրքական պետության առաջ քաշած այնպիսի թեզեր, ինչպիսիք են «պատմությունը պատմաբաններին թողնելու», «արխիվները բացելու», «ընդհանուր ցավի» «երկկողմանի զոհերի», «3-րդ երկրների խորհրդարանների որոշումներով հայ-թուրքական կարգավորմանը վնասելու» գաղափարները: