Արևմտյան Եվրոպայի երկրները համագործակցում են Ռուսաստանի հետ շա՛տ ավելի սերտ, քան Հունգարիան, հատկապես՝ առևտրի և ենթակառուցվածքային նախագծերի ոլորտում: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Սիյարտոն:
Լրագրողի հարցին, թե Ուկրաինայի հետ Հունգարիայի տարաձայնությունները և այդ երկրի վետոն հաշվի առնելով՝ հնարավո՞ր է, որ վարչապետ Օրբանը ազդած լինի Թրամփի դիրքորոշման վրա՝ Կիևին ՆԱՏՕ-ում առավել արագ ինտեգրելու որոշման առիթով, Սիյարտոն խիստ անսպասելի պատասխան է տվել:
«Լսե՛ք, մենք հետաքրքրված ենք, որ Ուկրաինան դառնա ավելի հզոր ժողովրդավարական պետություն, քանի որ մեր հարևանն է. նրանք մեր և ռուսների միջև են: Բայց եթե խոսքը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների մասին է, նախագահ Մակրոնը, գերմանացիները կամ այլ արևմտաեվրոպացիներ Ռուսաստանի հետ մեզնից շա՛տ ավելի սերտ համագործակցություն են հաստատել:
Չնայած մակերեսին անընդհատ քննադատում են ռուսներին, բայց հետին պլանում միմյանց հետ խոշոր բիզնես են անում: Այսպես՝ դանիացիները վերջերս ռուս-գերմանական գազատարը թույլ տվին. այն կառուցում են ռուսական «Գազպրոմ»-ն ու արևմտաեվրոպական խոշորագույն էներգետիկ ընկերությունները:
Եվ եթե նայեք եվրոպական Մեծ Յոթնյակի երեք անդամներին, ապա կտեսնեք, որ անցյալ տարի Գերմանիան ավելացրեց իր առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ 56%-ով, Ֆրանսիան՝ 40%-ով, իսկ Իտալիան` 37%-ով»,- հայտարարել է Հունգարիայի ԱԳ ղեկավարը: