Ֆինանսների նախարարն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրությանը, նշել է, որ «առողջության հարկ» նախատեսող հայեցակարգի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա: Հարցի համակողմանի քննարկման, առողջության ապահովագրության համար նաև այլընտրանքային տարբերակների քննարկման կարիք կա:
«Առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: Մենք հայտարարել ենք երկրի մրցունակության բարձրացման մասին: Ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցման, հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսավարողների համար լրացուցիչ հնարավորություն ընձեռվի, և նրանք կարողանան ներդրումներ կատարել, նոր պոտենցիալ ձևավորել: Այս դեպքում ստացվում է, որ մենք մի կողմից Հարկային օրենսգրքով ուղղակի հարկերի բեռն ենք նվազեցնում, մյուս կողմից լրացուցիչ բեռ ենք ավելացնում: Իհարկե, այստեղ կա ընկալում, որ այդ բեռը աշխատակցի, վարձու աշխատողի բեռն է, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա»,- ասել է նախարարը:
Նա նաև նշել է, որ առաջարկվող հայեցակարգի ընդունման պարագայում մարդը ներդրում է կատարում առողջապահության համակարգում: «Եթե ուշադրություն դարձնենք, նույնիսկ այդ պայմաններում քաղաքացիների վերաբերմունքը այնքան էլ բավարար չի կարելի գնահատել, դժգոհություններն ավելի շատ են: Միգուցե պետք է քննարկել նաև այլընտրանքային տարբերակներ, թե ինչպես ծախսվող միջոցներն ուղղորդել, որպեսզի հնարավոր լինի լուծել ապահովագրության խնդիրը` միևնույն ժամանակ չծանրացնելով այդ բեռը տնտեսավարողների վրա և չխոչընդոտելով մրցունակության աճը»,- ասաց նախարարը: