ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գեոֆիզիկական կենտրոնի տնօրեն ՌԳԱ թղթակից անդամ Անատոլի Սոլովյովը այցելել են ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում գտնվող Երկրի մագնիսական դաշտի մշտադիտարկում իրականացնող փորձարարական բազա: Փորձարարական բազան ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գեոֆիզիկական կենտրոնի համագործակցության արդյունքում:
Փորձարարական բազայում, որը կառուցված է բացառապես մագնիսական հատկություններ չունեցող կոմպոզիցիոն նյութերից և մագնիսական դաշտ չունեցող փայտից, տեղադրված է սարքավորում, որն իրականացնում է Երկրի մագնիսական դաշտի փոփոխությունների գերզգայուն ճշգրիտ չափումներ: Դրանց շնորհիվ հնարավոր է բացահայտել և հաստատել Երկրի մագնիսական դաշտի (Real-time) փոփոխությունների և երկրաշարժի նախապատրաստման միջև պատճառահետևանքային կապերը որպես հնարավոր երկրաշարժի առաջացման նախանշան՝ հետագայում լուծելու երկրաշարժի կանխագուշակման հիմնարար պրոբլեմը: