Վրաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամն անցած շաբաթ սրվեց: Այս առիթով ամենատարբեր փորձագիտական խմբեր ու հանդեսներ փորձում են հասկանալ՝ կկրկնվի՞, արդյոք, 2003-ի Վարդերի հեղափոխությունը Վրաստանում, Թբիլիսիի բողոքը կհանգեցնի՞ իշխանափոխության:
Հարցը դիտարկում է ուկրաինական Европейська правда-ն:
Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ըստ Европейська правда-ի, սակայն, այս պահին արդեն որևէ մեկին չի կարող մոլորության մեջ գցել իշխանությունների այն պնդումը, թե խորհրդարանում «Վրացական երազանքը» տապալվեց առանձին պատգամավորների դեմարշի պատճառով, որովհետև մինչև այժմ նույն կուսակցությունն ու նրա փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ցանկացած նախաձեռնություն անցկացնելու հետ կապված խնդիրներ չեն ունեցել:
«Այս խոստման չկատարումն ընդդիմությունն ընդունեց իբրև ազդանշան առ այն, որ 2020 թվականի ընտրություններում իշխանությունը ցանկացա՛ծ գնով է մղվում հաղթանակի: Ահա թե ինչու ընդդիմությունն անցավ հակահարձակման…ներկայում իշխանությունը փորձում է ուժային միջամտությունից հրաժարվել…և չնայած դրան՝ չի՛ հաջողվում ամբողջովին խուսափել դրանից...մասնավորապես, կիրակի օրը, կառավարող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ բախումներ եղան ոստիկանության և ակտիվիստների միջև, որոնք փորձում էին գրասենյակի մուտքի դիմացի ասֆալտին գրել՝ «Հեռացի՛ր»:
Վրացական բողոքին արդեն արձագանքել են ԵՄ-ն ու ԱՄՆ-ը: Դեսպանությունների հայտարարության մեջ ընդունվեց, որ իշխանությունների գործողությունները խոր հիասթափություն են պատճառել՝ հանրության ներսում ավելացնելով անվստահությունը»,- գրում է Европейська правда-ն՝ փորձելով հասկանալ, թե այս պայմաններում և հատկապես խնդրի այն գիտակցմամբ, որ սահմանադրական փոփոխությունը սկզբունքային հարց է ընդդիմության համար, ի՞նչ կհաջորդի սրան:
«Հասարակությունը «Վրացական երազանք»-ից, նախ և առաջ, նշանակալից սոցիալական հատկացումներ ու տնտեսության բարելավում էր ակնկալում: Երբեմն նույնիսկ անհնարինն էին ակնկալում, ինչը տրամաբանական է, որ տեղի չունեցավ…Իշխանության յոթ տարիների ընթացքում «Վրացական երազանք»-ին փրկել է ընդդիմության մեծ հակավարկանիշը, բայց շուտով գործո՛ղ իշխանության հակավարկանիշը կարող է գերակշռել «նախորդների նվաճումներին», և բացառված չէ, որ դա տեղի կունենա հենց ներկա ճգնաժամի ընթացքում: Ի վերջո, վրաց իշխանությունները երբեմն ամեն ինչ են անում, որպեսզի վանեն նույնիսկ իրենց իսկ կողմնակիցներին»,- գրում է Европейська правда-ն: