Հնդկաստանի դեղագործական առաջատար շուրջ 30 ընկերություններ իրենց արտադրանքն են ներկայացնում Երևանում նոյեմբերի 10-13-ն ընթացող «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդեսում», որը կազմակերպել են Հնդկաստանի կառավարությունը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը և Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղերի արտահանումը խթանող խորհուրդը (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council)։
Համաժողով-ցուցահանդեսի նոյեմբերի 11-ին կայացած բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես գալով՝ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Կիշան Դան Դեվալը (Kishan Dan Dewal) նշել է, որ հնդկական դեղագործական ընկերությունները Հայաստանի գործընկերների հետ համագործակցության խորացման մեծ ներուժ են տեսնում։ «Հնդկական դեղերն արդեն իսկ բավական լայն են ներկայացված հայկական շուկայում. Հայաստանում պետական գրանցում ստացած շուրջ 5 հազար դեղերից ավելի քան 150-ը Հնդկաստանում արտադրված դեղեր են։ Եվ հուսով եմ, որ համաժողով-ցուցահանդեսի ընթացքում ձեռք կբերվեն նոր, փոխշահավետ պայմանավորվածություններ»,- ասել է դեսպան Կ.Դ. Դեվալը։
«Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդեսի» մասնակից հնդկական և այցելու հայկական ընկերությունների ներկայացուցիչներին ողջունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նրանց մաղթելով արդյունավետ համագործակցություն։