Հոկտեմբերի 21-ից մայրաքաղաքում մեկնարկել է աշնանային էտը: Երբեմն ծառերի էտը անհանգստացնում է բնակիչներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ դրա հետևանքով վնասվում:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը վարչական շրջանների առջև պահանջ է դրել. խոր էտի են ենթարկվում միայն ծեր և վթարային ծառերը:
«Ընդհանուր առմամբ աշնան ընթացքում նախատեսված է շուրջ 7000 ծառ ենթարկել էտի: Ասեմ նաև, որ էտի տարբեր եղանակներ են ներկայումս կիրառվում՝ ձևավորման էտ, սանիտարական էտ, կանաչ էտ և խոր էտ»,- ասում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սուրեն Մաքսապետյանը:
«Ընդհանրապես խոր էտ կատարվում է այն ժամանակ, երբ տվյալ տեսակի ծառը գերհասունանում է և գագաթից սկսում չորանալ, այսինքն՝ դրա և արմատի կումուլյատիվ կապը խախտվում է: Դա իրականում կոչվում է երիտասարդացում, որը մեզ մոտ ընդունված է անվանել «խոր էտ»»,- նշել է կենսաբանական գիտությունների թեկնածու Արծվին Գրիգորյանը:
Երևանում էտին զուգահեռ կգույքագրվեն նաև բոլոր խնդիրները: Կստեղծվի ոլորտի մասնագետներից կազմված աշխատանքային խումբ, որն էլ կմշակի ու կներկայացնի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ՝ ամբողջ քաղաքի համար:
Աշնանային էտը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը: