Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, որը ձախակողմյան գաղափարախոսության կայուն կողմնակիցն է, նախկինում նաև «Կոկա» ֆերմերների միության ղեկավարը, հրաժարական է տվել: Հոկտեմբերի 20-ի ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ալիք էր բարձրացել, ցուցարարները բողոքում էին ընտրությունների արդյունքների դեմ: Նրանք հայտարարում էին, որ տեղի են ունեցել կեղծ ստորագրություններ և ընտրությունների զանգվածային մանիպուլյացիա, ինչին համաձայնել է միջազգային դիտորդների մի խումբ: Մորալեսն ընդունել էր նրանց բողոքը և հայտարարել, որ կրկնակի ընտրություններ են անցկացվելու: Բայց ցուցարարները պահանջել էին, որ նա անհապաղ հրաժարական տա, ինչը նա արեց, երբ բանակի հրամանատարը և ազգային ոստիկանության պետը նույնը պահանջեցին: Փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան և Սենատի խոսնակ Ադրիան Սալվատերան նույնպես հրաժարական են տվել: Մորալեսը պնդում է, որ հեղաշրջման զոհ է դարձել: Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է Մորալեսին ապաստան տրամադրել Լա Պասի իր դեսպանատանը: