Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Ռուսաստանի Ադիգեա քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարին և նվաճել հաղթողի կոչումը: Ջուլֆալակյանն անցկացրել է 4 գոտեմարտ և հաղթել 6։3, 4։0, 8։0, 6։4 հաշիվներով:
«Ինչ-որ չափով մրցումային փորձի պակաս զգացվեց, մրցակիցներս բարձր կարգ ունեցող ըմբիշներ էին՝ Ռուսաստանի առաջնության մրցանակակիրներ։ Կարծում եմ, որ նման կարգի մրցաշարն անհրաժեշտ էր, որպեսզի հասկանամ, թե ինչ մարզավիճակում եմ և ինչ բացերի վրա պետք է աշխատել»,- ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում ասել է Արսեն Ջուլֆալակյանը։
Նոյեմբերի 9-10-ը կայացած մրցաշարին մասնակցել են ըմբիշներ նաև Ռուսաստանից և Ղրղզստանից. Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր:
Ջուլֆալակյանն իր «Ֆեյսբուքի» էջում գրել է, որ արժանացել է նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։