Նոյեմբերի 1-ին՝ 1980 թվականի Օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի և
Եվրոպայի հնգակի չեմպիոն, 43 համաշխարհային ռեկորդի հեղինակ Յուրի
Վարդանյանի մահվան առաջին տարելիցի օրը, Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է
ունեցել նրա մահարձանի բացման արարողությունը: Յուրի Վարդանյանի մահարձանի
ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Դավիթ Մինասյանը:
Լեգենդար ծանրորդի մահվան տարելիցի հիշատակի արարողությանը ներկա են եղել
նրա հարազատները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
տեղակալ Գևորգ Լոռեցյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ: Փոխնախարարը,
դիմելով ներկաներին, ասել է, որ անժամանակ կյանքից հեռացած մարզիկը
հարյուրամյակների պատմություն է թողել համաշխարհային սպորտում:
«Յուրի Վարդանյան անունը տարիներ շարունակ եղել է ուղենիշ ոչ միայն
ծանրամարտի, այլև ամբողջ մարզաշխարհի ներկայացուցիչների համար: Նա օրինակ է
եղել այն մարդկանց համար, որոնք իրենց առաջ նվաճումների հասնելու և բարձր
ցուցանիշներ գրանցելու նպատակ են դրել: Յուրի Վարդանյանի անժամանակ մահը
մեծ հարված էր, բայց վստահորեն կարող եմ փաստել, որ նա իր ապրած 62 տարում
հարյուրամյակների պատմություն է թողել համաշխարհային սպորտում: Ցանկանում եմ,
որ Յուրի Վարդանյանի օրինակը կրթի հայ մարզիկներին և ապագա չեմպիոններին»,-
ասել է Գ. Լոռեցյանը:
Բացի մարզական գործունեությունից, Յուրի Վարդանյանը 2009 թ․ նշանակվել է
Հայաստանի նախագահի խորհրդական, 2013-ին՝ Հայաստանի սպորտի և
երիտասարդության հարցերի նախարար, 2014-ից եղել է Վրաստանում Հայաստանի
արտակարգ և լիազոր դեսպան։