Հայաստանի և Բուլղարիայի կառավարությունների միջև ստորագրվել է միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիր: Համաձայնագիրը Բուլղարիայի կողմից ստորագրել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան, իսկ Հայաստանի Կառավարության կողմից՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Համաձայնագիրը կբարելավի երկու երկրների միջև տրանսպորտային հնարավորությունները, կնպաստի երկու երկրների տարածքով և իրենց տարածքներով դեպի երրորդ երկրներ իրականացվող ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացմանը, ինչպես նաև առևտրային և տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը: Այն նաև խթանի ինտերմոդալ փոխադրումների զարգացումը, ինչպես նաև ճանապարհային անվտանգության և վարորդների աշխատանքային պայմանների բարելավումը։