Ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպությունը բողոքի ակցիա կանցկացնի նոյեմբերի 2-ին: Այս մասին տեղեկացրել է «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին: Ընդդիմությունը Բաքվի իշխանություններին առաջարկել է համաձայնեցնել ակցիայի անցկացման վայրը:
«Մենք առաջարկել ենք փոխզիջումային տարբերակ: Մենք կարող ենք ակցիան անցկացնել նաև «Մեհսուլ» մարզադաշտում: Բայց եթե կառավարությունը կրկին համաձայնություն չտա այդ վայրին, մենք մեր ակցիան կանցկացնենք «Մայիսի 28» մետրոկայարանի դիմաց»:
Քերիմլիի խոսքով՝ ցույցի անցկացումն ադրբեջանցիների կամքի կատարումն է:
«Այս որոշումը մենք ընդունել ենք՝ զգալով սոցիալական ցանցերում ժողովրդի աջակցությունը: Բավականին մեծ քանակությամբ մարդիկ են պահանջում ցույցի անցկացում: Մենք զգում ենք նոր ազգային շարժման սկիզբը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ընդդիմությունն ակցիայի փորձ արեց քաղաքի կենտրոնում, որը կոշտ միջոցներով ճնշվեց ոստիկանական ուժերի կողմից: