Բելառուսը Ռուսաստանին չի դիմել մոտ 600 միլիոն դոլար վարկի համար, քանի որ, Մինսկի բնորոշմամբ՝ «քաղաքական վարկերի» անհրաժեշտություն չի տեսնում: Մինչև տարեվերջ Բելառուսն ակնկալում է 3,5 միլիարդ յուանի չինական վարկ ստանալ, ինչը համարժեք է մոտավորապես 500 միլիոն դոլարի: Իսկ Ռուսաստանը Բելառուսին 600 միլիոն դոլարի վարկ տրամադրելու մասին որոշում դեռ չի կայացրել: Ըստ ՌԴ առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի, դա կախված է նրանից, թե ինչպիսին կլինի Մոսկվայի և Մինսկի առաջխաղացումն ինտեգրման հարցում: Դեռևս հունիսին Բելառուսի ֆինանսների նախարար Մաքսիմ Երմոլովիչը հայտարարել էր, որ Մոսկվան Մինսկին պետական վարկի տրամադրումը կապում է ինտեգրացիոն գործընթացների հետ, Չինաստանի զարգացման բանկից վարկ վերցնելն էլ համարել է Ռուսաստանի պետական վարկի այլընտրանք: Չի բացառվում, որ ռուսական վարկը Բելառուսին այդպես էլ չտրվի: