Իսրայելում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Այս մասին հայտնել է «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ դոկտոր Ալեքսանդր Ցինկերը:
«Ստացվել է թույլտվություն, համապատասխան մակետը մշակվել է, և մենք հիմա սկսել ենք դրամահավաք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ստեղծման համար: Այն նախատեսված է տեղադրել Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում: Այնտեղ քաղաքապետ փոխվեց, մեզ թվում էր, թե խնդիրներ կլինեն, սակայն, փառք Աստծո, բոլոր հարցերը կարգավորված են»,- ասել է Ալեքսանդր Ցինկերը: Որոշում է կայացվել հուշարձանը պատրաստել Հայաստանում, այնուհետև տեղափոխել Իսրայել:
Ալեքսանդր Ցինկերը նշել է, որ մեկ այլ ուղղությամբ ևս նախատեսում են աշխատանք տանել: Պետախ Տիկվայի նախկին քաղաքապետի և Գյումրիի քաղաքապետի միջև եղել է նամակագրություն քույր քաղաքներ դարձնելու մասին: Պետախ Տիկվայի նոր քաղաքապետը ևս համաձայն է: