Նախագահը շեշտել է ՄԱԿ-ի դերը Հայաստանի զարգացման ու բարեփոխումների գործում:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է երկրում ընթացող քաղաքական գործընթացների մասին, շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարին՝ հայտարարության կապակցությամբ, որտեղ Գուտերեշը շեշտել էր քաղաքական գործընթացների՝ բացառապես խաղաղ ճանապարհով ընթանալու, զսպվածության դրսևորման և առկա խնդիրները երկխոսության միջոցով, Սահմանադրության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը:
Նախագահ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի հավատարմությունն այս սկզբունքներին:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Գլխավոր քարտուղարին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցություններին անվերապահ աջակցելու համար: Մեկ անգամ ևս ընդգծվել է շփման գծում լարվածության հնարավոր աճի բացառման անհրաժեշտությունը: «Հայաստանը հավատարիմ է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային խաղաղ գործընթացին»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Նախագահը խոսել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ արդյունավետ գործակցության մասին, շեշտել նրա դերը Հայաստանի զարգացմանն ու բարեփոխումներին աջակցելու գործում:
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցում Արմեն Սարգսյանը վերահաստատել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված հրավերը: