Այսօր երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կառավարող կուսակցության խորհրդի նիստ, որի ընթացքում ելույթ է ունեցել Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Այսօր երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կառավարող կուսակցության խորհրդի նիստ, որի ընթացքում ելույթ է ունեցել Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նա մասնավորապես նշել է, որ սպասվում են փոփոխություններ կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած Նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ, տեղեկացնում է ՀՀԿ լրատվական ծառայությունը:
Հանրապետության նախագահի խոսքով` 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները ոմանք ընկալեցին որպես հերթական քաղաքական միջոցառում՝ պայմանավորված առաջին հերթին քաղաքական իրավիճակով և անձնական ինչ-ինչ հարցեր լուծելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե երկրի առջև ծառացած հիմնարար խնդիրների հրամայականով:
«Իսկապես, իրավիճակը կմնար նախկինի պես, եթե մենք սահմանափակվեինք բարեփոխումների միայն նմանակմամբ, եթե լրջորեն նպատակ չհետապնդեինք միս ու արյուն տալ այն գաղափարներին, որոնք դրված են նոր Սահմանադրության հիմքում: Այս տարվա փետրվարի 12-ին ես խոսեցի սահմանադրական բարեփոխումների կենսագործման, հետևաբար՝ մեր երկրի զարգացման տեսլականի շուրջ: Տնտեսական բարեփոխումները նախընթաց տարիներին եղել են մեր ուշադրության կենտրոնում, իսկ քաղաքական բարեփոխումները մի տեսակ թողել էինք ավելի լավ ժամանակների՝ մտածելով, որ տնտեսական բարեփոխումները առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն քաղաքական բարեփոխումների համար: Վաղուց արդեն ակնհայտ է, որ առանց քաղաքական բարեփոխումների՝ տնտեսական բարեփոխումների արդյունքները միշտ էլ մեզ չեն բավարարելու: Այսօր արդեն բոլորն են տեսնում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը»,- նշել է Սերժ Սարգսյանը: Նա հավելել է, որ քաղաքական բարեփոխումները ենթադրում են նախևառաջ քաղաքական մշակույթ, քաղաքական բանավեճերի ու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման նոր եղանակներ, ուժի դիրքերից քաղաքական ընդդիմախոսների հետ խոսելու բացառում, քաղաքական համակարգում նպատակասլաց ու գաղափարներով լի մարդկանց ազատ մուտք, խորհրդարանը երկրի թիվ մեկ ամբիոնի վերածում, երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ երկրի բոլոր կարող ուժերի մտքերն ու գաղափարները մեկտեղելու հնարավորություն՝ անկախ քաղաքական դիրքավորումից և այլն:
«Վստահ եմ, որ ներկաներից յուրաքանչյուրի համար մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների արագ լուծումը շատ ավելի կարևոր է ու առաջնային, քան թե այն դիրքը, պաշտոնը, որ մեզնից յուրաքանչյուրը զբաղեցնում է կամ կարող է զբաղեցնել պետական համակարգում»,- ասել է ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանի համոզմամբ` ՀՀԿ-ն բազմաշերտ է, այստեղ ներկայացված են հասարակության բոլոր շերտերը: «Մենք ապացուցել ենք, որ ունենք անհրաժեշտ ներուժ պատմականորեն առաջացած ցանկացած խնդրի լուծման համար: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ մենք պարտավոր ենք չսահմանափակվել այն ներուժով, որն առկա է մեր շարքերում և մեր առջև դրված խնդիրների լուծման համար փնտրել ու գտնել այն մարդուն ու մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձնելու այդ բարդ ու պատասխանատու աշխատանքները՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք այս պահին գտնվելիս լինեն»,- նշել է Նախագահը: