ՀՀ Նախագահը ԱԱԽ ղեկավար կազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին:
ՀՀ Նախագահ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: ՀՀ Նախագահը ԱԱԽ ղեկավար կազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին:
«Արմեն Գևորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարին պարտականությունները: Կայացած գործիչ է: Նրան ես ճանաչում եմ համատեղ աշխատանքից՝ գրեթե 20 տարի և այս 20 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա դժվարանար իր պարտականությունները կատարել: Այդ ընթացքում նա առնչվել է նաև Ազգային անվտանգության խորհրդի գործունեությանը, զբաղվել է հարցերով, որոնք հենց Խորհրդի անմիջական պատասխանատվության ոլորտում են:
Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին վստահության համար և նշել, որ սա իր համար պետական համակարգում դրսևորվելու կրկնակի փորձ է: «Ես համոզված եմ, որ մեր բոլորիս համատեղ ջանքերով, իրոք, կարող ենք այնպես անել, որպեսզի բոլորի ակնկալիքներն այս կառույցից արդարացված լինեն»,-ասել է ՀՀ ԱԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանը:
Արմեն Գևորգյանը 43 տարեկան է: 1993-ին գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։ 1993-96-ին եղել Ս. Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ: Համատեղությամբ ավարտել է նաև հոլանդական Տվենտեի համալսարանի մագիստրատուրան՝ կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ։ 1997-98-ին զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։ 1998 թ. ապրիլին նշանակվել է ՀՀ Նախագահի օգնական, այնուհետև՝ Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2006-ի փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2007 թ. հունիսից մինչև 2008 թ. ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ: Եղել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով ՀՀ Նախագահի հատուկ ներկայացուցիչ: 2015 թ. հոկտեմբերից գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանների մեդալներով: