ԹՐԻՓՓ նախագիծը ներառելու է ոչ միայն երկաթուղին, այլև խողովակաշարեր, ճանապարհներ, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր: Այս մասին իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեծ է հավանականությունը, որ էլեկտրահաղորդման գծերը կլինեն ԹՐԻՓՓ-ի շրջանակում գործարկվող առաջին ենթակառուցվածքը, որովհետև նախ՝ տեխնիկապես համեմատաբար հեշտ է արագ դա հասցնելը, և հետո՝ էլեկտրաէներգիայի՝ աշխարհում աճող պահանջարկը ստիպում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանից էլեկտրական էներգիայի արտահանման նախագծերին»,- հայտարարեց նա:
Վարչապետի խոսքով՝ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը գտնվում է վավերացման փուլում:
«Ավարտական փուլում են TRIPP Development Company ընկերության հիմնադրման աշխատանքները: Հիշեցնեմ՝ Հայաստանն այդ ընկերությունում ունենալու է 26 տոկոս, իսկ ԱՄՆ-ը՝ 74 տոկոս բաժնեմաս: Այս բանաձևը գործելու է առնվազն 49 տարի, իսկ այդ ժամկետի ավարտից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվելու դեպքում՝ ևս 50 տարի: Այս դեպքում արդեն Հայաստանի մասնաբաժինը կդառնա 49 տոկոս, իսկ ԱՄՆ-ի մասնաբաժինը՝ 51 տոկոս՝ առանց ՀՀ-ի կողմից հավելյալ ֆինանսական կամ այլ ներդրման»,- տեղեկացրեց վարչապետը՝ հատուկ ընդգծելով՝ ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում: