Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուրբաթ հայտարարել է, որ ժամանակն է ավարտել Միացյալ Նահանգների հետ ամիսներ շարունակվող պատերազմը, քանի որ Թեհրանն առավելություն ունի Վաշինգտոնի նկատմամբ։
«Ավելի լավ է պատերազմն ավարտել հիմա, երբ մենք ուժի դիրքում ենք և պահպանում ենք մեր արժանապատվությունը»,- ասել է Փեզեշքիանը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել էր «տնտեսական ահաբեկչության» և «մարդկության դեմ հանցագործությունների» համար, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Թեհրանի վրա ճնշումը մեծացնելու համար պատժամիջոցները խստացնելու մտադրության մասին, գրում է Euronews-ը։
Ըստ լրատավականի՝ Իրանը տարիներ շարունակ ապրել է արևմտյան պատժամիջոցների ներքո և սովորել է մասամբ շրջանցել դրանք։ Երկիրն ընդլայնել է ներքին արտադրությունը, օգտագործել է ոչ պաշտոնական միջսահմանային առևտրային ցանցեր, սահմանափակ քանակությամբ ապրանքներ է գնել երրորդ երկրների միջոցով և օգտագործել է «ստվերային» նավատորմ՝ իր նավթը տեղափոխելու համար։ Սակայն, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ Իրանում գնաճը կարող է մինչև տարեվերջ հասնել 70%-ի, իսկ երկրի տնտեսությունը կարող է կրճատվել ավելի քան 5%-ով։
Տնտեսական դժվարությունների պայմաններում Փեզեշքիանը հայտարարել է, որ իր կառավարությունը կողմ է բանակցությունների միջոցով պատերազմի ավարտին։ Երկու երկրի միջև բանակցային գործընթացը սառեցված է:
Թեհրանը շարունակում է փակ պահել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը, մինչդեռ Վաշինգտոնը շարունակում է Իրանի նկատմամբ կիրառել ծովային շրջափակում։