Ազգային ժողովի ընտրություններից առաջ Ռուսաստանը հայկական ապրանքների մեջ գտավ ֆիտոսանիտարական որոշ խնդիրներ և սահմանափակեց դրանց մուտքը երկիր:
Սահմանափակումները թեև հայաստանցի ֆերմերներին որոշ խնդիրների առաջ կանգնեցրին, սակայն հնարավորություն տվեցին հայացքն ուղղել նաև Եվրոպա: Հայաստանի կառավարությունը շատ արագ գտել է նոր շուկաներ, եվրոպացիները նույնպես առաջարկել են իրենց օգնությունը:
Կառավարությունը հունիսին կփոխհատուցի հայ տնտեսվարողներին արտահանվող որոշ արտադրատեսակների համար:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում, է, որ մեր ֆերմերների արտադրանքը որակով չի զիջում եվրոպական երկրների չափանիշներին, միայն թե հայկական ծաղիկները Եվրոպա հասցնելու լոգիստիկ ծախսերն են թանկ:
Եվ Կառավարության օգնությունն այս փուլում դրա համար է անհրաժեշտ: Զուգահեռ, մեր երկիրը փորձում է հասկանալ, թե ԵԱՏՄ օրենսդրությամբ ինչ մեխանիզմ կա որոշումը չեղարկելու, եթե կառույցի անդամ որևէ երկիր այն հիմնավոր չի համարում: