Իրանական սառեցված ակտիվները կտրամադրվեն Պարսից ծոցի երկրներին՝ հակամարտության ընթացքում Թեհրանի պատճառած վնասը փոխհատուցելու համար, հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
«Պարսից ծոցի մեր դաշնակիցներին պատճառված ցանկացած վնաս կփոխհատուցվի իրանական հաշիվներից վերցված միջոցներով»,- գրել է նախարար Բեսենթը սոցիալական ցանցերում։
Նա նաև պատրաստակամություն է հայտնել սառեցված միջոցներն օգտագործել փոխհատուցելու այն երկրների ծախսերը, որոնք Հորմուզի նեղուցով անցման վճար են փոխանցել Պարսից ծոցի հարցերով իրանական վարչությանը:
Բեսենթը հավելել է, որ Թեհրանի ցանկացած նոր հարձակում «կխորացնի տնտեսական ու ֆինանսական հետևանքներն» Իրանի համար։
Չնայած հակաիրանական ռազմական ու տնտեսական գործողություններին` ԱՄՆ-ն լրջորեն պատրաստվում է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը: Ըստ Axios-ի տվյալների՝ արարողությունը տեղի կունենա Ժնևում, ամերիկյան պատվիրակությունը կղեկավարի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: