ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց, Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին բազմօրյա այցով ժամանել է Նուուկ: Այս մասին հայտնել են AFP լրատվական գործակալությունը և տեղական Sermitsiaq թերթը:
Սա Լենդրիի առաջին այցն է դանիական ինքնավար տարածք՝ բանագնացի պաշտոնը ստանձնելուց հետո: Մայիսի 19-ին և 20-ին պաշտոնյան կմասնակցի «Գրենլանդիայի ապագա 2026» տնտեսական ֆորումին, որը կազմակերպվում է ներդրողներ, քաղաքական և գործարար առաջնորդներ ներգրավելու և տարածաշրջանում ներդրումները խթանելու համար:
Թրամփը Լենդրիին հատուկ դեսպանորդ է նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 22-ին: Այդ ժամանակ դանիական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ վարչակազմը փորձում է ուղիղ կապեր հաստատել Գրենլանդիայի իշխանությունների հետ՝ շրջանցելով Դանիայի կառավարությունը, և կղզում իրականացնել «ազդեցության թաքնված գործողություններ»:
ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է վերահսկի Գրենլանդիան ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, և ասել է, որ եթե ԱՄՆ-ն չգրավի կղզին, նրա անվտանգությանը կսպառնա Չինաստանը կամ Ռուսաստանը: