Միացյալ Թագավորությունը Հորմուզի նեղուցի շրջան է ուղարկում ինքնավար ականազերծող սարքավորումներ և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի առաջադեմ համակարգեր, հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
Հորմուզի նեղուցում նավագնացության պաշտպանության միջազգային գործողությանը մասնակցելու համար Լոնդոնը տարածաշրջան կուղարկի թագավորական նավատորմի HMS Dragon նավը:
Այդ քայլը կատարվում է ջրային այդ երակի անվտանգությունն ապահովելու համար Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ գլխավորած բազմազգ կոալիցիայի շրջանակներում:
Անցած չորեքշաբթի Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հայտնել էր, որ այդ նպատակով Մերձավոր Արևելք է ուղևորվում ֆրանսիական ավիակիր հարվածային խումբը՝ «Շառլ դը Գոլ» ավիակրի գլխավորությամբ: Միևնույն ժամանակ նշվել է, որ Ֆրանսիան «հակամարտության կողմ չէ» և «մնում է հավատարիմ միջազգային իրավունքին և ինքնիշխանությանը»։
Ապրիլին Լոնդոնում կայացած երկօրյա հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ավելի քան 44 երկրի ներկայացուցիչներ, ռազմական պլանավորողները քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության պաշտպանության համար Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորությամբ ստեղծված բազմազգ առաքելության գործնական կողմերը։ Ըստ հաղորդագրությունների՝ մոտ 40 երկիր, այդ թվում՝ Ավստրալիան, համաձայնել են մասնակցել այդ առաքելությանը։