Իրանը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով նորից հարձակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների վրա, հրդեհ է բռնկվել Դուբայի միջազգային օդանավակայանում:
ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի վրա Իրանի հարձակումների սկզբից ի վեր խոցվել է 551 բալիստիկ հրթիռի, 29 թևավոր հրթիռ և 2263 անօդաչու թռչող սարք, վիրավորվել է տարբեր ազգությունների 230 մարդ, 13-ը՝ զոհվել, այդ թվում՝ երեք զինծառայող և 10 քաղաքացիական անձ։
Նախարարությունը հայտարարել է, որ ԱՄԷ-ն լիովին պատրաստ է դիմակայելու երկրի անվտանգությանն ու կայունությանն ուղղված սպառնալիքներին։ Միաժամանակ ԱՄԷ-ի իշխանությունները որոշել են դուրս գալ Արաբական պետությունների լիգայից և Իսլամական համագործակցության կազմակերպությունից, պատճառաբանելով, որ իրանական հարձակումների ժամանակ երկիրն աջակցություն չի ստացել իր արաբ հարևաններից, գրում է Africa Intelligence-ը։
Էմիրությունները կարողացել է հետ մղել Իրանի հարձակումների 95%-ը՝ շնորհիվ բազմաշերտ ՀՕՊ համակարգի և մի շարք դաշնակիցների օգնության: Հակամարտության սկզբում Իսրայելն ԱՄԷ-ում գաղտնի տեղակայել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը:
Ամերիկյան THAAD և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հարյուրավոր օդային հարվածներ: ԱՄՆ-ն նաև հետախուզական և ռազմական աջակցություն է ցուցաբերել ԱՄԷ-ին: Մեծ Բրիտանիան վաղ նախազգուշացման ինքնաթիռներ է տեղակայել այդ երկրում՝ օդային պաշտպանությունը հզորացնելու համար՝ համատեղ գործելով տեղի ուժերի հետ:
Հունաստանն առաջարկել է զինամթերք իր ինքնիշխան պաշարներից: Հարավային Կորեան արագացրել է իր Չոնգոնի ՀՕՊ համակարգերի արտահանումը և նաև սարքավորումներ ուղարկել իր պաշարներից: Ուկրաինան առաջարկել է անօդաչու թռչող սարքերի որսման ցածրարժեք համակարգեր և մասնագետներ, որոնք փորձ ունեն ռուսական և իրանական անօդաչու թռչող սարքերին հակազդելու գործում: Ֆրանսիան, Իտալիան և Ավստրալիան նույնպես նպաստել են Էմիրությունների անվտանգությանը:
Սակայն արաբական աշխարհը, ներառյալ Իսրայելից հետո երկրորդ ուժեղ բանակ ունեցող Եգիպտոսը, սահմանափակվել է Իրանին դատապարտող հայտարարություններով։ Արաբական համերաշխությունը չդիմացավ այս պատերազմի փորձությանը։ Արաբները նման աջակցություն չեն ցուցաբերել Պարսից ծոցի երկրներին, նշում է պարբերականը։
Արաբական Միացյալ Էմիրությունների դուրս գալը Արաբական պետությունների լիգայից և Իսլամական համագործակցության կազմակերպությունից, ըստ դիտորդների, կարող է խթան հանդիսանալ Ծոցի մյուս երկրների՝ Կատարի և Բահրեյնի կողմից նմանատիպ քայլի համար, որոնք կփնտրեն նոր դաշնակիցներ։