Ապրիլի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։
Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում է ունեցել ակադեմիայի ղեկավար կազմի և անձնակազմի հետ՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների արժեքներով առաջնորդվելը և դրանց հետևողական ամրապնդումը զինված ուժերում ունեն հիմնարար նշանակություն։
Պաշտպանը ներկայացրել է իր գործունեության հիմնական ուղղությունները՝ առանձնացնելով վատ վերաբերմունքի և բռնությունների կանխարգելման, անհատական դիմումների շրջանակում իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները։
Անահիտ Մանասյանը նշել է, որ զինված ուժերը կարող են արդյունավետ լինել բացառապես մարդու իրավունքների երաշխավորման պարագայում։
Կարևորելով կրթական բաղադրիչը՝ Պաշտպանն ընդգծել է մարդու իրավունքների կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ զինված ուժերում կանխարգելիչ մեխանիզմների ամրապնդման նպատակով։
Ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանն իր խոսքում կարևորել է ՄԻՊ հաստատության հետ համագործակցության զարգացումը՝ ընդգծելով կրթական բաղադրիչի առանցքային դերը զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից։
Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել նաև կուրսանտների հետ՝ քննարկելով զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բռնությունների կանխարգելման, ինչպես նաև անվտանգ և արժանապատիվ միջավայրի ապահովման հարցերը։
Այցի ավարտին Պաշտպանը շրջայց է իրականացրել ակադեմիայի տարածքում, ծանոթացել կուրսանտների կեցության պայմաններին և սննդի կազմակերպմանը՝ դրական գնահատելով վերջին տարիներին արձանագրված էական բարելավումները։
Զինծառայողների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է և գտնվում է նրա մշտական ուշադրության ներքո։ Այդ համատեքստում ռազմական, այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ իրականացվող այցերը շարունակական բնույթ են կրում՝ նպատակ ունենալով բարելավել զինծառայողների իրավունքների պաշտպանության համակարգը։