Կառավարությունն ապրիլի 18-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման շրջանակը։ Նախագծով սահմանվում է, որ էլեկտրոնային ՀԴՄ-ները հնարավոր կլինի կիրառել սովորական ՀԴՄ-ների փոխարեն։ Արդյունքում՝ հնարավորություն է ստեղծվում նույն գործառույթներն իրականացնել առավել հեշտ և ժամանակակից եղանակով։
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է միասնականացնել սարք ՀԴՄ-ին և էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել այս երկու գործիքների դեպքում։
ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ միաժամանակ նախատեսվում է, որ Կառավարությունը կսահմանի գործունեության այն ոլորտները, դեպքերն ու ժամկետները, երբ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս։ Կառավարության որոշմամբ կհստակեցվեն նաև էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման կանոններն, այդ թվում՝ հարկ վճարողի անունից դրանք կիրառելու և էլեկտրոնային կտրոն գեներացնելու կարգը։
Հիշեցնենք, որ ներկայում գործող կարգավորմամբ էլեկտրոնային ՀԴՄ-ն կարող է կիրառվել ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի միջոցով ընդունվող պատվերների դեպքում՝ ապրանքների վաճառք, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքներ։ Էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների (այդ թվում՝ մարդատար տաքսի ավտոմոբիլներով) իրականացման դեպքում։ Էլեկտրոնային ՀԴՄ պարտադիր կիրառվում է նաև էլեկտրոնային առողջապահության համակարգին միացած բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ժամանակ՝ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով վճարումն ընդունվելու դեպքում։