Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ մայիսի 9-ի շքերթին Մոսկվայի Կարմիր հրապարակում ռազմական տեխնիկայի շարասյուներ կամ զինվորական կուրսանտներ չեն լինի։ Դա առաջին դեպքն է 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, հաղորդում է BBC-ն։
«Սուվորովի և Նախիմովի անվան ռազմական դպրոցների և կադետական կորպուսի աշակերտները նույնպես չեն մասնակցի Կարմիր հրապարակի զորահանդեսին: Փոխարենը կմասնակցեն բոլոր տեսակի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների և առանձին զորատեսակների զինծառայողները», - ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Պատճառը «գործող օպերատիվ իրավիճակն է»։ Զինվորականները չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչն է ազդել շքերթի ծրագրերի վրա։ Պաշտպանության նախարարության հայտարարությունում նաև նշվում է, որ զորահանդեսին ավիացիոն մասը տեղի կունենա։
Միևնույն ժամանակ, մայիսի 9-ի զանգվածային միջոցառումները չեղարկվում են Ռուսաստանի մարզերում։ Շքերթներ չեն անցկացվի, մասնավորապես, Նիժնի Նովգորոդում, Սարատովում, Չուվաշիայում և Կալուգայի մարզում։ Հրավառությունները չեղարկվել են Վորոնեժի, Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի մարզերում։ Տեղական իշխանությունները հայտարարում են, որ նման որոշումները պայմանավորված են անվտանգության նկատառումներով:
Վերջին ամիսներին Ուկրաինան, ի պատասխան Ռուսաստանի ռազմական հարվածներին, դրոնային հարձակումներ է իրականացրնում Ռուսաստանի տարբեր շրջանների ենթակառուցվածքային օբյեկտների, այդ թվում՝ նավթ արտահանող՝ Բալթիկ ծովի նավահանգիստների և Տուապսեի նավթավերամշակման գործարանի վրա։