Բանակցություն վարելու՝ Լիբանանի որոշումը «դավաճանություն» չէ, հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը՝ հավելելով, որ «դավաճանություն են անում նրանք, ովքեր իրենց երկիրը պատերազմի մեջ են ներքաշում՝ ծառայելով օտար շահերին»։
«Որքա՞ն ժամանակ հարավի ժողովուրդը պետք է վճարի մեր հողի վրա ուրիշ մարդկանց պատերազմների համար, որոնցից վերջինները «Հանուն Գազայի և Իրանի պաշտպանության պատերազմներն էին։ Եթե պատերազմը Լիբանանի համար լիներ, մենք կաջակցեինք դրան։ Բայց երբ պատերազմի նպատակն ուրիշների շահերին ծառայելն է, ես այն ամբողջությամբ մերժում եմ»,- նշել է Աունը։
Լիբանանի նախագահն ընդգծել է, որ ցանկանում է վերջ դնել Իսրայելի հետ պատերազմական վիճակին՝ 1949 թվականի զինադադարի համաձայնագրերի օրինակով, որոնք երկար տարիներ ապահովել են անդորրը սահմանին՝ առանց հարաբերությունները կարգավորելու: Միևնույն ժամանակ Աունը նշել է, որ «նվաստացուցիչ գործարք չի ընդունի»: