Իսրայելը Լիբանանի հարավում օկուպացրած հատվածներում քանդում է տները՝ նշելով, որ դրանք «Հըզբոլլահի» համար ծառայում էին որպես առաջապահ դիրքեր: Սակայն քանդման աշխատանքներն այնպիսի մեծ ծավալներ են ստացել, որ Լիբանանի իշխանությունները և ՄԱԿ-ի խաղաղապահները մտահոգված են, որ տեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա:
Ապրիլի 23-ին իսրայելական կողմի հետ Վաշինգտոնում նախատեսվող բանակցությունների ժամանակ լիբանանցի պաշտոնյաները կարող են բարձրացնել այս հարցը: Ապրիլի 17-ին կողմերի միջև տասնօրյա հրադադար է հաստատվել, սակայն այս ընթացքում հարվածները շարունակվել են: Իսրայելի հարձակումից Լիբանանի հարավում կին լրագրող է զոհվել, նրա գործընկերը վիրավորվել է: Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը լրագրողների թիրախավորումը և նրանց մոտ փրկարար խմբերի մուտքը խոչընդոտելը որակել է պատերազմական հանցագործություն:
Մարտի 2-ին Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հակամարտության մեկնարկից ի վեր Լիբանանում իսրայելական հարվածներից ավելի քան 2400 մարդ է զոհվել: